Փող աշխատելու ու սեփական կարևորությունը ապացուցելու ձգտումը երբեմն
մարդկանց դրդում է զբաղվել... բարեգործությամբ: Գտնել պաշտպանության կարիք
ունեցող մի բան՝ սկսած սկյուռիկներից, վերջացրած հաշմանդամ մարդկանցով ու
սկսել թեմատիկ կլպումներ ու կթումներ կազմակերպել ամեն տեսակ բարերարների
ու կազմակերպությունների գլխին: Իսկ կլպումների ու կթումների
ինտենսիվությունն ու էֆեկտիվությունը ապահովելու համար երբեմն անհրաժեշտ է
լինում ճանճը փիղ սարքել, միևնույն ժամանակ նաև գերան դարձնելով մարդկանց
աչքի չոփը: Այսպես, օրինակ, եթե մի օր լսեք, որ անհրաժեշտ է գումար
Հայաստանի արգելանոցներում գտնվող փղերին ոչնչացումից փրկելու համար՝
չզարմանաք: «Բարեգործները» պատրաստ են նախ հորինել այդ փղերին, հետո նրանց
ոչնչացման եզրին հասցնել ու հետո խնդրել գումար ինչ-որ
կազմակերպությունից, որպեսզի փրկեն խեղճ կենդանիներին: Ու միայն շա՜տ
քչերն են իսկապես սրտացավով վերաբերվում որևէ հարցի: Որպես կանոն, այդ շատ
քչերն ապահովված են գումարով: Սակայն ոչ միայն փողն է բարեգործությամբ ու հասարակական գործունեությամբ
զբաղվելու պատճառ դառնում, այլ նաև նորին գերազանցություն PR-ը: Մարդիկ
կոկորդ ու հետույք են պատռում, ինչ-որ անիմաստ, կամ իմաստավոր բաներ
նախաձեռնելով, որպեսզի աչքի ընկնեն ու բարեգործի անուն ստանան: Իհարկե լավ է, որ գոնե հանուն փողի ու PR-ի ինչ-որ խելքը գլխին բան են
անում, շոշափելի արդյունքներ ցույց տալիս, բայց դա հազվադեպ է տեղի
ունենում: Մեծ մասամբ բարեգործությունը ու հասարակական գործունեությունը
սահմանափակվում են զուտ ցուցադրական քայլերով: Դրանք գրավում են փոքրաթիվ
մարդկանց ուշադրություն, այն էլ այդ հարցում շահագրգիռ մասսայի, ինչը
կարելի է զրոյական արդյունք համարել: Հազվադեպ է շարքային քաղաքացին
կպնում բուկլետացուցահանդեսային նախաձեռնություններին: Կոչված լինելով
ինֆորմացիան տեղ հասցնել՝ դրանք գրեթե ոչինչ չեն փոխում ու մոռացվում են
ակցիայի հաջորդ իսկ օրը: Փոխարենը «բարեգործ» ընկերությունը ստանում է
հետագայում հովանավորների աչքը կոխելու բան. «Այ տեսեք, ես սա ու սա եմ
արել, փող տվեք, նոր ռազմախ տանք», իսկ «բարեգործ» անհատը ապացուցում է,
որ ինքը սպիտակ ու փափուկ է, բոլորը նրան սիրում են ու հայ-հայ ա երկնքից
երեք խնձոր պիտի ընկնի...բայց ըտե ես ասում եմ ՀՈՊ՝ չէ՞ որ մենք ոչինչ
չփոխեցինք: Մեզանից առան 500000 դրամի չափով հաշմանդամ երեխաներին ու
ՄԻԱՎ-ով ապրողներին աջակցելու պատրաստակամություն, մենք մի քսան
օրաթերթում հոդվածի արժանանալու չափ բարի գտնվեցինք, բա՞ հետո... Ու քչերի
տնգըլին ա էդ բազմակետից հետո ասվելիքն ու չասվածը: