Ինչքան պոպուլյար է դառնում բլոգինգը, էնքան էլ սկսում է տարածվել
քոփիրայթինգը: Բոլորը ուզում են բլոգ ունենալ, չէ՞ որ բլոգի շնորհիվ կարող
են ճանաչելի դառնալ, նկատվել, ինքնահաստատվել: Ոմանք էլ, անգամ, հույս
ունեն դրա շնորհիվ գումար վաստակել, ինչը, կարծում եմ, մոտակա մեկ
հազարամյակի ընթացքում ռեալ կդառնա: Բնականաբար թե փիառվելու, թե այդ
գումար վաստակելու ճակատագրական օրվան պատրաստ լինելու համար անհրաժեշտ է
ունենալ բլոգ, որը բավարար քանակությամբ այցելուներ ունի: Իսկ բավարար
քանակությամբ այցելուներ ունենալու առաջին գրավականը կոնտեքստն է, այսինքն
բովանդակությունը: Բայց ի՞նչ անել, երբ արդեն սպառվել են քֆուրները, էլ չի
ձգում նույնասեռականության թեման, իսկ քաղաքականությունից գաղափար չունես,
կամ հետագա գործունեությունդ հանգիստ-խախանդ շարունակելու համար
գերադասում ես լռել այդ թեմայով: Ու նաև ի՞նչ անել, երբ ասելիք
ընդհանրապես չունես: Հենց այդտեղ էլ սկսվում է քոփիրայթը: Իրեն բլոգեր
անվանող ՔՈՓԻՐԱՅԹԵՐԸ սկսում է ակտիվորեն գողանալ ուրիշների կոնտեքստը ու
ներկայացնել այն ոնց կա, կամ թարգմանած: Որպես կանոն նա թարգմանում կամ
գողանում է տվյալ ժամանակահատվածում ամենավարկանիշային թեմաներով
նորությունները ու գրառումները (հայ-թուրքական, խոզագրիպային) կամ
սենսացիոն հոդվածները: Այնուհետև տարածվում է համապատասխան գովազդ:
Քոփիրայթերը բավարարվում է միայն նրանով, որ իր էջը բացեն-փակեն: Նրան քիչ
է հետաքրքրում նյութի ընթերցումը, քանի որ նյութը, որպես այդպիսին, իրեն
չի պատկանում: Մեկնաբանությունները նույնպես քոփիրայթերի տանձին չեն՝ նրան
հետաքրքրում է դրանց քանակը: Որքան շատ մեկնաբանություններ ու որքան մեծ
այցելուների քանակ, այնքան հեշտ է պոպուլյարության իմիտացիան, միակ բանը,
հանուն որի «ստեղծագործում է» քոփիրայթերը: Ի դեպ, արդեն հանդիպում են նաև
հայալեզու քոփիրայթային բլոգներ, ինչը վկայում է այն մասին, որ բլոգինգը
դառնում է ավելի ու ավելի պոպուլյար ու կա մրցակցություն (ինչի վկայությունն է նաև այս պոստը): Դա, թերևս, լավ
է: Անհրաժեշտ է միայն տարբերել թացը չորից՝ որտեղ է ԲԼՈԳԵՐը, որտեղ
ՔՈՓԻՐԱՅԹԵՐը...